Մանկավարժական համալսարանի 85 ուսանող և աշխատակից տարհանվել է գազի հոտի պատճառով

16:18, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «911» ծառայություն հունիսի 24-ին, ժամը 10:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է:

Փրկարարները տարհանել են 25 ուսանողի և հերթապահել՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր հասնելը: Կուլտուրառեժիսուրա ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Ս.Ք.-ի (ծնված 2000 թ.) և Ա.Մ.-ի (ծնված 2000 թ.) ինքնազգացողությունը վատացել էր: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ք.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Ա.Մ.-ն հոսպիտալացվել է: Փրկարարները դեպքի վայրում գազի արտահոսք չեն հայտանաբերել:

 

 


© 2009 ARMENPRESS.am