Վահե Գրիգորյանը հանդիպել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների հետ

19:54, 21 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ՍԴ որոշ անդամների և Հրայր Թովմասյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում:

«Հանդիպումներ եմ ունեցել և երեկ, և այսօր ՍԴ անդամների մի մասի և Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- ասաց Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը նշեց, որ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում:

«Նախանշված հարցը քննարկում եմ նրանց հետ առանձին քննարկումներում: Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,- նշեց Վահե Գրիգորյանը:

Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:

«…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էր Գրիգորյանը

 


© 2009 ARMENPRESS.am