Թումանյանական շունչը Օպերայի բեմում. առաջին անգամ հանդիսատեսի դատին կհանձնվի «Մարոն» բալետային ներկայացումը    

10:45, 22 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ հունիսի 27-ին և 30-ին, տեղի կունենա բալետային ներկայացման պրեմիերա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Մարոն» պոեմի հիման վրա ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը:

Նույն այդ օրերին լինելու է նաև Մեհրաբյանի` տարիներ առաջ բեմադրած «Լոռեցի Սաքոն» բալետային ներկայացումը, որն արդեն մոտ 10 անգամ խաղացել են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խորեոգրաֆը նշեց, որ ներկայացումը նվիրվելու է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

«Ես Թումանյանի ստեղծագործությունները շատ եմ սիրում, դրանք միշտ ակտուալ են, երբ էլ կարդաս: Նա հանճար է եղել ու մնում է հանճար: Որոշեցի գրողի 150-ամյակի կապակցությամբ նոր բալետային ներկայացում բեմադրել և ընտրեցի «Մարոն» պոեմը»,- ասաց Մեհրաբյանը: Բալետային ներկայացումը բաղկացած է մեկ գործողությունից, հնչող երաժշտությունները գրել են Ռոմեն Դավթյանը, Գրիգոր Եղիազարյանը և Էդուարդ Բաղդասարյանը, ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: «Եթե ամեն ինչ լավ լինի, և ես երրորդ ներկայացում էլ բեմադրեմ, ապա կրկին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը կընտրեմ»,- ասաց խորեոգրաֆը:

Արտիստը նաև ընդգծեց, որ և՛ «Լոռեցի Սաքոն», և՛ «Մարոն» իրար հետևից են ներկայացվելու առանց ընդմիջման և ընդհանուր առմամբ տևելու է մոտ 1 ժամ 15 րոպե:

««Լոռեցի Սաքո»-ն նույնպես լինելու է մեկ գործողությամբ: Գլխավոր դերակատարը որդիս է՝ Արսեն Մեհրաբյանը, ով Ստոկհոլմից եկել է այստեղ մասնակցելու ներկայացմանը»,- ասաց Նորայր Մեհրաբյանը և շեշտեց, որ ռեժիսորի հետ անակնկալ են մատուցելու հանդիսատեսին:

[gallery id= 62612]

Մարոյի դերակատար 13-ամյա Արինա Մանուկյանը շատ ոգևորված է ու ուրախ պրեմիերայի կապակցությամբ և, որ մոտ 10 հոգուց հենց իրեն են ընտրել:

«3 փուլից բաղկացած քասթինգ անցկացվեց, ինչից հետո որոշում կայացվեց, որ ես եմ լինելու Մարոյի դերակատարը: Ընդհանուր առմամբ, մասնակցում էինք մոտ 10 հոգով»,- ասաց Արինան:

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի տնօրեն Արթուր Դանիելյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության կողմից կազմակերպված մրցույթում հաղթել են և ստացել դրամաշնորհ «Մարոն» ներկայացման համար:

«Դրամաշնորհով մեզ հատկացվեց 5 մլն 400 հազար ՀՀ դրամ, սակայն այդ գումարը մեր նախատեսածից քիչ էր: Այդուհանդերձ, մեր ողջ կոլեկտիվը շնորհակալ է՝ դրամաշնորհի արժանացնելու համար»,- ասաց Դանիելյանը և հավելեց, որ բալետին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկել ՀՀ վարչապետին, նախագահին, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարին և տվյալ գերատեսչությունից մի քանի փոխնախարարի:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am