Դատախազի այցից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձը դադարեցրել է հացադուլը

15:42, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Ա. Ղ.-ն 2019թ. հունիսի 12-ին հայտարարել էր հացադուլ՝ պատճառաբանելով, որ Լոռու մարզի  Բժշկակասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից արհեստականորեն հետաձգվում է իր հաշմանդամության վերափորձաքննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրականացված հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքները արդյունք չեն տվել և դատապարտյալը չի դադարեցրել հացադուլը»,- նշել է Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ 2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Լոռու մարզի դատախազության դատախազն այցելել և հարցման է ենթարկել Ա.Ղ.-ին, տվել համապատասխան պարզաբանումներ նրա բարձրացրած՝ հացադուլի հայտարարման պատճառ հանդիսացած խնդրի լուծման ընթացքի և ընթացակարգի վերաբերյալ, ինչի արդյունքում նույն պահին իր դիմումի համաձայն վերջինս դադարեցրել է հացադուլը:

 


© 2009 ARMENPRESS.am