Կառավարությունում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

20:30, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

ներկայացվել են նախագծի ռազմավարական նպատակները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալիքները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նախագծի առանձնահատկությունն այն է, որ ապահովվելու է ՊԵԿ-ի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: Նա հավելել է, որ նախագիծը մշակվել է կոնկրետ ֆինանսական հաշվարկներով` հաշվի առնելով նաև նոր հնարավորություններն ու իրողությունները: Նշվել է, որ նախագծի շրջանակում նախատեսվում է ՊԵԿ համակարգի ենթակառուցվածքների արդիականացում, տեխնիկական վերազինում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացում, տնտեսվարողների հետ ուղիղ շփումների էական կրճատում, հարկային և մաքսային վարչարարության զարգացում, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում. խրախուսական միջոցներ են նախատեսվելու օրինապահ հարկ վճարողների համար:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ, շարունակել քննարկումները, որից հետո, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, այն կենթարկվի լրամշակման ու կներկայացվի կառավարության հաստատմանը

 


© 2009 ARMENPRESS.am