Տրիպոլիում ապրիլից սկսած զինված բախումների հետևանքով զոհվել է 691 մարդ

20:21, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ապրիլից սկսած զինված բախումների հետևանքով զոհվել է 691 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Զինված բախումների հետևանքով զոհվել է 691 մարդ, այդ թվում խաղաղ բնակիչներ: Չորս հազարից ավելի մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,-ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ կազմակերպությունը հաղորդում էր 653 զոհի և 3 հազար 500 տուժածի մասին:

Ներկայում Լիբիայում գործում Է երկու կառավարություն. միջազգային հանրության կողմից ճանաչված վարչապետ Ֆայիզ Սարաջի Ազգային համաձայնություն կառավարությունը (ԱՀԿ)՝ Տրիպոլիում եւ Աբդալա Աբդուռահման աթ-Թանիի նախարարների ժամանակավոր կաբինետը, որը գործում է երկրի արեւելքում՝ ընտրված խորհրդարանի հետ համատեղ, եւ որին աջակցում Է Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ): Ապրիլի 4-ին բանակի հրամանատարը՝ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը, հայտարարել էր մայրաքաղաքի վրա հարձակում սկսելու մասին, իսկ ԱՀԿ-ի ղեկավար Սարաջը հրաման էր տվել իր կողմից վերահսկվող բոլոր զինվորական ստորաբաժանումներին՝ պատրաստ լինել պաշտպանության: Ավելի ուշ մայրաքաղաքում բազավորված զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» արշավն սկսելու մասին՝ ԼԱԲ-ի գրոհող ուժերին դիմակայելու համար:


© 2009 ARMENPRESS.am