Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է միաբանական համագումարի մասնակիցների հետ

18:02, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ հունիսի 18-22-ը Մայր Աթոռում անցկացվելիք միաբանական համագումարի առիթով Սուրբ Էջմիածին ժամանած միաբանների (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

Միասնական Տերունական աղոթքից հետո Նորին Սրբությանը և ներկա միաբաններին ողջունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լաս Վեգաս քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Իր խոսքում Հայր Սուրբը գոհունակությամբ ընդգծեց, որ յուրաքանչյուր միաբանի համար ուրախություն է վերադառնալ Մայր Աթոռ` ծնրադիր իր աղոթքը բարձրացնելու առ Աստված հայոց հավատքի օրրանում և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը:

Այնուհետև համագումարի մասնակիցներին ողջունեց և իր օրհնությունը բաշխեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովվապետը գոհունակությամբ նշեց, որ Արարատյան տոների շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համախմբումը Մայր Աթոռում գեղեցիկ ավանդույթ է դարձել: Նորին Սրբությունը կարևոր նկատեց միաբանական համագումարի պարբերական կազմակերպումը միաբանական ուխտի վերանորոգման, հոգևոր կյանքի զորացման և միջանձնային շփումների շնորհիվ եղբայրասիրական ոգու ամրապնդման համար: Նորին Սրբությունը միաբանական հավաքը պատեհ առիթ նկատեց խորհրդածելու ազգային կյանքը հուզող խնդիրների ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, նաև միմյանց հետ կիսվելու հովվական փորձառությամբ:

Իր գնահատանքը բերելով եկեղեցականներին` Հայոց Հովվապետը հաստատեց, որ միաբանների նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը մաղթեց, որ առաջիկա շաբաթը լինի արդյունավետ աշխատանքի և համատեղ աղոթական կյանքի հոգենորոգ մի շրջան:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու միաբանները անդրադարձան հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին առկա խնդիրներին, ազգային և հայրենական կյանքը հուզող հարցերին:


© 2009 ARMENPRESS.am