Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

16:25, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դուշանբեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նրան ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ներկայում կողմերը պետք է վճռականորեն աջակցեն մեկը մյուսին արմատական հետաքրքրություն ներկայացնող հարցերում, ամրապնդեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»,- նշել է Սի Ծինփինը:

Նա ընդգծել է, որ մեծ նշանակություն է հատկացնում թուրք-չինական հարաբերություններին: Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել Էրդողանի հետ աշխատել երկկողմ բարեկամությունը փոխվստահության վերածելու ուղղությամբ:

Նշելով, որ Թուրքիան մեծ ուշադրություն է հատկացնում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ Էրդողանը հայտնել է, որ իրենք պատրաստ են ընդլայնել համագործակցությունը առևտրա-տնտեսական ու ֆինանսական, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում:


© 2009 ARMENPRESS.am