Լուսահովիտի գյուղապետը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր

15:47, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի 35-ամյա համայնքապետ Գրիգոր Սարհատյանը հունիսի 14-ին աջ ազդրի  հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի  հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ հիվանդին վիրահատել են, այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Բժիշկները վիճակը գնահատում են ծանր։ Հիվանդը գիտակցություն ունի, բայց արհեստական շնչառական ապարատին է միացված.,-ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ։

 


© 2009 ARMENPRESS.am