«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացմանն ուղղված հարցեր

09:54, 6 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը՝ նվիրված ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, երկօրյա ֆորումն անցկացվել է ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի և Ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության աջակցությամբ:

Դիլիջանում կայացած ֆորումի շրջանակում ՀՀ պետական  եւ մասնավոր ոլորտի 30-ից ավելի ներկայացուցիչներ քննարկել են Ռազմարդյունաբերական համալիրի ներկա մարտահրավերներին համապատասխան կառուցվածքային հիմնահարցեր, գնման մեխանիզմների անհրաժեշտ եւ արդի լուծումներ եւ անվտանգությանն ուղղված այլ հարցեր:

 «Ավանդական դարձած ՏՀՏ ոլորտների առաջնորդների հանդիպումը կոնսոլիդացիայի արդյունավետ հարթակ էր: Ռազմարդյունաբերության կոմիտեի, ԱԱԾ-ի, Ֆինանսների նախարարության, Ռազմարդյունաբերության ձեռնարկությունների միության եւ այլ կառույցների շահագրգիռ կողմերը բազմապրոֆիլ քննարկումներ անցկացրեցին. հիմնական շեշտադրումներն էին ռազմարդյունաբերության կառուցվածքային դերակատարումները, ոլորտի գնումների պատշաճ կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների խթանիչ գրավականները»,-նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԱՏՁՄ-ն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ձեւաչափն իրականացնում է տարեկան 2 անգամ սկսած 2007 թվականից: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ:

 


© 2009 ARMENPRESS.am