Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

18:57, 5 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Բրիտանական Watford Colosseum-ում հունիսի 4-ին կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հերթական համատեղ ձայնագրությունը, որի արդյունքում հանրահայտ Naxos լեյբլի ներքո թողարկվելու է ձայնասկավառակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի ձայնագրել են նաև «Սպարտակի և Ֆրիգիա»-ի ադաջիոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։ «Աննախադեպ երևույթ է, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սերգեյ Սմբատյանի գործունեության նպատակներից է աշխարհում հանրայնացնել հայկական երաժշտական ժառանգությունը, և LSO-ի հետ այս ձայնագրությունը նույնպես այդ նպատակին միտված քայլերից է։   

Հիշեցնենք, որ դիրիժոր Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի նախորդ համատեղ ձայնագրությունը կայացել էր այս տարվա ապրիլին։

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։

LSO-ն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք»,- նշված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am