ԱԺ-ն միաձայն ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը

10:35, 4 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց ԱԺ-ի հունիսի 4-ի նիստում՝ 104 կողմ ձայնով:
 
Օրենքով աջակցություն է տրամադրվելու նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկության նախագծում կատարվել է փոփոխություն: Արդյունքում նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով:

© 2009 ARMENPRESS.am