Մշակութաբան Սամվել Շահինյանի հոբելյանը նշանավորվեց «Նոր ուղի» խորագրով ցուցահանդեսի բացումով

18:11, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Մշակութաբան, քարանձավագետ Սամվել Շահինյանի 65-ամյակի կապակցությամբ հունիսի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսում ներկայացված են հարյուրից ավելի բազմաոճ ու բազմաժանր ստեղծագործություններ:

«Երեք տարի առաջ, երբ աղջիկս հայտնեց, որ երեխայի է սպասում, խոստացա, որ հղիության ընթացքում շաբաթը մեկ նկար կնվիրեմ նրան: Դուստրս անմեղ ու հաստատակամ հայացքով նայեց ինձ ու ասաց, որ գեղանկարներ է ցանկանում նվեր ստանալ, իսկ գրաֆիկական աշխատանքներ շատ վաղուց էի անում: Իմ բոլոր գրքերը ձևավորել եմ»,-մեզ հետ զրույցում նշեց Շահինյանը:

Նա  խոստովանեց, որ գեղանկարներ նկարելը բավականին բարդ է: «Միշտ վախեցել եմ, որ կկրկնեմ իմ շատ սիրելի նկարիչներին` Մատիսին, Գոգենին, Էլ Գրեկոյին: Պարզվեց, որ ես չեմ էլ  կարող կրկնել, որովհետև անում եմ այն, ինչ, երևի թե, ինձ է հոգեհարազատ, ինչն իմ ներսում է և պետք է դուրս հորդա:

Նկարելիս ես հանգստանում եմ. եթե չեմ նկարում, օրս կորած եմ համարում: Ինչպես կյանքում ամեն բան, սա էլ սոցիալական պատվեր էր»,-ընդգծեց Շահինյանը:

[gallery id= 62530]

«Գիտնական Շահինյանին ճանաչում եմ բավականին երկար տարիներ: Նա հայրենասեր, պրպտող անձնավորություն է: Մի քանի տարի առաջ ինձ հրավիրեց իր տուն և պարզվեց, որ նաև նկարում է: Հաճելիորեն զարմացա: Նրա ստեղծագործություններում  վառ արտահայտվում է հեղինակի խառնվածքը: Սամվելը դեռ փնտրտուքների մեջ է և, հնարավոր է, որ շուտով գտնի մի յուրահատուկ  ուղի ու կրկին ուրախացնի մեզ»,-նշեց արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ Կարեն Աղամյանը:

Սամվել Շահինյանը ծնվել է 1954 թվականին Գյուլագարակ գյուղում:  Սովորել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում` ստանալով երկրաբան-երկրաֆիզիկոս ինժեների որակավորում: Նա պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել ճարտարապետության դոկտորի կոչում, պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել ճարտարապետության դոկտորի կոչում: Հետագայում ստացել է դոցենտի աստիճան երկրաբնապահպանությունից: Սամվել Շահինյանն այժմ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչն է:

Շահինյանը հրատարակել է պատմվածքներ, բանաստեղծություններ, հոդվածներ «Գարուն», «Երեկոյան Երևան» և այլ պարբերականներում: Հրատարակել է «Հեքիաթներ Աշխենիկի համար» ժողովածուն, «Տեր, մի թե զավակդ չեմ» բանաստեղծությունների և «Տորմակա վանքի մամուռն ու մրմուռը», «Փակ դռների առաջ մեր սրտերը բաց» պատմվածքների ժողովածուները:


© 2009 ARMENPRESS.am