Պատգամավորն առաջարկում է աշխատանքի ընդունվելիս բացառել տարիքային սահմանափակումը

14:37, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է աշխատանքի ընդունելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուրիխանյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ-ի հունիսի 3-ի լիագումար նիստում:

«Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ անընդհատ մարդիկ բարձրացրել են մեկ խնդիր՝ 35-40 տարեկանից սկսած աշխատանքի ընդունվելիս ունենում են խնդիր: Աշխատանքային հարաբերությունների ծագման պահին նաև ընթացքում մարդիկ գանգատվում են, որ տարիքը հանդիսանում է խնդիր և մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Եվ այսպես առաջացավ միտք՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությամբ հանդես գալ, շարադրել, որ արգելված խտրականությունների շարքին դասվի աշխատանքի ընդունելիս և աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումը»,-ներկայացրեց Ուրիխանյանը:

Թեև կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, սակայն հանդես է եկել նաև առաջարկով:  Մասնավորապես կառավարությունն առաջարկել է դիտարկել հնարավորություն՝ այլ խտրականություններ ևս ձևակերպել, և դրանք ըստ էության բացառել: «Օրինակ եթե մարդը ունի ինչ-ինչ քաղաքական հայացքներ, ապա դրանց համար աշխատանքի չընդունել կամ ազատելը արգելվում է: Եթե մարդը ունի հաշմանդամություն, ուրեմն դա չի կարող աշխատանքի ընդունվելու սահմանափակում հանդիսանալ և այլն»,-ասաց պատգամավորն ու նշեց՝ ավելացվել են նաև մի շարք այլ սահմանափակումներ բացառող ձևակերպումներ:

Նրա խոսքով՝ նախագիծը նախևառաջ ունի բարոյական կարգավորման նպատակ:


© 2009 ARMENPRESS.am