ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք դեպքերում նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելու մասին օրենքի նախագիծը

12:01, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծով առաջարկվում է որոշ դեպքերում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց, հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կիրառել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Օրենքի նախագծով դատավճիռը կայացնելու պահին նշված անձանց նկատմամբ կարող է սահմանվել ավելի մեղմ պատիժ, եթե տվյալ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է:

Նման կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ չկարողանալով կիրառել կալանք պատժատեսակը, ստիպված էր լինում կիրառել ավելի խիստ պատժատեսակ՝ ազատազրկում՝ դրանով իսկ ի չիք դարձնելով նշված մարդասիրական նորմի հետապնդած նպատակը:

Նախատեսվող կարգավորումը ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակել ավելի մեղմ պատիժ:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: 


© 2009 ARMENPRESS.am