«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

10:30, 31 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:

«Պաշտպանության և անվտանգության մասին հարցերի մշտական հանձաժողովն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն` նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում»,-հանձնաժողովի առաջարկը ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Պատգամավորները քվեարկությամբ, 94 կողմ ձայներով ընդունեցին այդ առաջարկը:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը  36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտըՆախատեսվում է նաև, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Առաջարկվում են նաև մի շարք այլ փոփոխություններ:


© 2009 ARMENPRESS.am