Ռոզի Արմենն այցելել է  ապագա բժիշկներին ու հայրենքի պաշտպաններին

20:17, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները, կենտրոնում բուժում ստացող հայրենքի պաշտպանները ռեկտոր Արմեն Մուրադյանի և բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ մայիսի 30-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հյուրընկալ են ֆրանսիահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենին:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, Արմեն Մուրադյանի և ապագա բժիշկների ուղեկցությամբ ճանաչված երգչուհին շրջեց կենտրոնում, ծանոթացավ տարածաշրջանի համար բացառիկ վերականգնողական համալիրի, այստեղ իրականացվող աշխատանքների ու զարգացման ծրագրերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները, նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են ինչպես առողջական, այնպես էլ զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Ֆրանսիահայ սիրված երգչուհին, շրջապատված ապագա բժիշկներով ու հայրենիքի պաշտպաններով, կիսվել է ստացած տպավորություններով և իր գոհունակությունը հայտնել ջերմ ընդունելության համար:

Ռոզի Արմենը Հայաստան է ժամանել բեմական գործունեության 60-ամյակին նվիրված համերգին հանդես գալու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am