Նախազորակոչիկների եւ զորակոչիկների համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար հատկացվեց 462 միլիոն 772 հազար դրամ

13:38, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում պատվաստանյութերի անընդմեջ մատակարարմամբ, բյուջետային միջոցների խնայողությամբ, ինչպես նաեւ որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմամբ:

«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, նախատեսվում է 2019 թվականի կարիքների համար պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների եւ զորակոչիկների համար պատվաստանյութերը եւ պատվաստումների համար օժանդակ պարագաները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից ձեռքբերել ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Այդ նպատակով, նախատեսվում է վերջինիս հատկացնել 462 միլիոն 772.2 հազար ՀՀ դրամ`  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից գնումը իրականացնելու համար, այդ թվում 9 միլիոն 076.6 հազար ՀՀ դրամը կազմում է ձեռքբերվող պատվաստանյութերի եւ պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:

Ընթացակարգի ամփոփման արդյունքում, արձանագրվել էր, որ կամ ոչ բոլոր չափաբաժիններով էին հայտեր ներկայացրել մասնակիցները, կամ ներկայացված գնային առաջարկները բարձր էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ներկայացված գնային առաջարկների համեմատ:

Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ եւ արդյունավետ իրականացում, որի հետեւանքով կապահովվի Հայաստանում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում եւ կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում»,- ասված է հիմնավորման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am