Թույլ մի տվեք այս հակահայկական ռասիզմին հաղթել. CNN-ի հաղորդավարն «Արսենալ»-ի երկրպագուներին կոչ է արել կրել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ

20:07, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի լրագրող, ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար Պիրս Մորգանը կոչ է արել Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուներին չենթարկվել սպառնալիքներին և Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել:

«Անհավատալի է. «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու պետք է կրի Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկ այսօրվա խաղի ժամանակ և անդադար վանկարկի նրա անունը: Թույլ մի տվեք, որ այս հակահայկական ռասիստները հաղթեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ում գրել է Մորգանը:

Բացի այդ, նա նաև կիսվել է անգլիացի հայտնի մարզական լրագրող Հենրի Վինթերի գրառմամբ, որով վերջինս տեղեկացնում է, որ «Արսենալ»-ի երկրպագուին Բաքվում երկու անգամ ստիպել են բարձրացնել ուսին թիկնոցի տեղ գցած դրոշը, որպեսզի համոզվեն, որ Մխիթարյանի անունով խաղաշապիկ չի կրում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն+:

 


© 2009 ARMENPRESS.am