Հայաստանում կստեղծվի մանկական առաջին պալիատիվ ծառայությունը

15:37, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կգործի մանկական պալիատիվ ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը՝ հիմնադրամը ԱՄՆ-ի Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կատարում է նախագծային աշխատանքները:

«Սուրբ Հուդա հիվանդանոցի հետ համագործակցությամբ այսօր արդեն կատարվում են առաջին մանկական պալիատիվ բաժանմունքի նախագծային աշխատանքները: Շինարարությունը կսկսենք մոտավորապես հուլիսին: Մեծ հույսեր ունենք, որ մինչև այս տարվա ավարտը կկարողանանք բացել բաժանմունքը: Դա շատ կարևոր է, քանի որ առաջինն է լինելու Հայաստանում: Նման բաժանմունք ունենալու կարիքը շատ մեծ է»,-ասաց Դեմիրճյանը:

Բաժանմունքը կգործի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարածքում: Դեմիրճյանը կարևորեց, որ պալիատիվ ծառայությունները մանկական քաղցկեղի բուժման ցանկացած կենտրոնների մի մասը կազմեն:

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի սկզբին երկու հիմնադրամների գործադիր տնօրեների հետ ԱՄՆ էր այցելել:  Ապրիլի 11-ին Հակոբյանն այցելել է ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց (St.Jude Children’s Research Hospital): Նրան ներկայացրել են հիվանդանոցի ստեղծման պատմությունը, այն արդյունքները, որոնց հասել է հիվանդանոցը և այն ձեռքբերումները, որոնք հիվանդանոցն ունեցել է մանկական քաղցկեղի դեմ պայքարում:

Ժպիտների քաղաք» (City of smile) բարեգործական հիմնադրամի շահառու են 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում:


© 2009 ARMENPRESS.am