Սյունիքում իրագործվելիք ներդրումային ծրագիրը բանակին կապահովի ԱԹՍ-ի 1000 օպերատորով

14:21, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզում նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման 6-ամյա ծրագիր, որը Հայոց բանակին կապահովի անօդաչու թռչող սարքերի 1000 օպերատորով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։

«Պատրաստվում ենք ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն Սյունիքում՝ 75 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ: Ունենում ենք  1500 աշխատուժ բարձր տեխնոլոգիաներրի ոլորտում, այլ ոլորտներում՝ 3 հազար աշխատուժ: Բանակին ապահովում ենք 6 տարվա մեջ 1000 անօդաչուի օպերատոր։ Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով «Արմաթ» աշխատանոցներ կստեղծվեն Կապանի բոլոր դպրոցներում»,- ասաց Վարդանյանը։

Համաժողովի ընթացքում Կապանի 20 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների հիմնման հուշագիր ստորագրվեց:

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։


© 2009 ARMENPRESS.am