Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շարունակվում է ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը
15:14, 25 Մայիս, 2019ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ժամանակավոր կացարանների վերաբերյալ վերջնական տեղեկատվությունն աշխատանքային խումբը ՀՀ վարչապետին կներկայացնի հունիսի 30-ին: Մինչ այս աշխատանքային խումբը մայիսի 25-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ անցկացրեց հերթական նիստը:
Հանդիպման ընթացքում քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ամփոփ ներկայացրեց ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս ընթացքում, հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկատվություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: Ժամանակավոր կացարաններ ավելի շատ կան քաղաքային բնակավայրերում՝ ընդհանուր թվի 68 տոկոսը: Ամենաշատը Գյումրիում է՝ 2871:
Բոլոր ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում հավաքագրված տվյալները մշակման խնդիր ունեն, ու եթե ոստիկանության ներկայացրած ցուցակներում խնդիրը զուտ տեխնիկական է, ապա առավել մեծ խնդիր է անշարժ գույքի կադաստրի ցուցակների հարցում: Բացի այդ, տվյալները դեռ վերջնական համարել չի կարելի, քանի որ Գյումրու քաղաքապետարանը նոր տվյալներ է ներկայացրել, որոնք դեռ բազայում մուտքագրված չեն: Վերջնական տվյալներ աշխատանքային խումբը կներկայացնի ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խումբը բավական լուրջ հետազոտություն է կատարել, արդեն իսկ հնարավոր է ուրվագծել լուծման ուղիներ, որն էլ լինելու է կատարված աշխատանքների հանգուցալուծումը. «Վարչապետի հանձնարարությամբ կներկայացնենք ոչ միայն թվային տվյալները, այլ նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակները, մեզ համար կարևորը՝ գտնել ճանապարհ այսքան երկար ժամանակ չլուծվող խնդրի լուծման համար»,-նշեց Վահագն Վերմիշյանը:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am