Աշոտ Ղուլյանը Հրայր Թովմասյանի հետ հանդիպմանը կարևորել է է դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը

20:38, 24 Մայիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը կարևորել է դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի և Արցախի շարունակական համագործակցությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախում ակտիվորեն ընթանում է օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը, ու ՀՀ գործընկերների հետ հանդիպումները և մտքերի փոխանակումը նշանակալի աջակցություն է գործընթացի արդյունավետ իրականացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդգծել է երկու հայկական հանրապետությունների գործուն կապերի ընդլայնման անհրաժեշտությունը թե՛ օրենսդրական կարգավորումների մշակման, թե՛ սահմանադրական արդարադատության իրականացման բնագավառում:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:


© 2009 ARMENPRESS.am