ԶԼՄ-ները պետք է հետաքրքիր գրեն կարևորի մասին. «Արմենպրես»-ի տնօրենը մասնակցել է Բելառուսական 14-րդ միջազգային մեդիաֆորումին  

17:39, 23 Մայիս, 2019

ՄԻՆՍԿ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Զանգվածային լրատվության պետական միջոցները պետք է հետաքրքիր ներկայացնեն կարևոր իրադարձությունները: Այս մասին Բելառուսական 14-րդ միջազգային մեդիաֆորումի «Համագործակցություն` հանուն ապագայի. Ժուռնալիստիկան և հասարակության սոցիալական անվտանգությունը» խորագրով լիագումար նիստի ընթացքում նշել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Մենք շատ ենք խոսում  մեդիառեսուրսների առևտրայնացման մասին: ԶԼՄ-ները ձգտում են գրել այն մասին, ինչը հետաքրքիր է ներդրողին, հասարակական, քաղաքական կամ միջազգային ուժին, որը ներդրում է կատարել այդ ընկերությունում: Այդ առումով պետական տեղեկատվական ռեսուրսների համար մեծ և լավ հնարավորություն է բացվում. մենք պետք է հետաքրքիր գրենք կարևորի մասին: Մեր գործառույթն է` անել այնպես, որ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրներում, կատարեն գիտակցված ընտրություն, որպեսզի իմանան` դեպի ուր է շարժվում պետությունը, հասարակությունը, որպեսզի նրանք իրենց պաշտպանված զգան»,- նշել է Արամ Անանյանը:

«Արմենպրես»-ի տնօրենը հավելել է, որ ԶԼՄ-ների պահանջվածության գրավականը ճշմարիտ լրատվության տրամադրումն է: «Արդի ժուռնալիստիկայի գլխավոր սկզբունքը չստելն է: Առաջին հերթին դա մեծ պատասխանատվություն է զանգվածային լրատվության պետական միջոցի համար, միայն այդպես մենք կարող ենք պահանջված դառնալ»,- ասել է նա:

Բելառուսական միջազգային մեդիաֆորումին մասնակցում են ավելի քան 250 պետական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, փորձագիտական և մեդիա հասարակությունների ներկայացուցիչներ, ժուռնալիստներ ավելի քան 25 երկրներից:

Բելառուսական մեդիաֆուրումի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ մեդիաոլորտի և տեղեկատվական անվտանգության, հասարակական կարծիքի ձևավորման վրա սոցիալական ցանցերի և բլոգոլորտի ազդեցության մասին: Քննարկվելու են համացանցային ժուռնալիստիկայի արդի թրենդները և դրա դերը տարածաշրջանի սոցիալ-քաղաքական խնդիրների լուծման գործում:


© 2009 ARMENPRESS.am