Վալերիյ Օսիպյանը դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան համարում է ինքնաբուխ

16:08, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, իսկ ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չի եղել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։  «Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա, հավաք էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ հավաքը վարչապետի կոչով էր, Օսիպյանը պատասխանեց՝ ամեն դեպքում՝ այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքների դրույթների մեջ: 

«Ես համարում եմ դա ինքնաբուխ, շտապ հավաք: Այնպես չէ, որ ոստիկանությունն այնտեղ պարզապես կանգնած է եղել, դեպքեր են եղել, որտեղ ոստիկանության աշխատողները քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Խուսափելու համար հետագա քաշքշուկներից և բախումներից՝ ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որ առաջնային փուլում բացատրական աշխատանքներով փորձենք հարթել իրավիճակը»,- նշեց Օսիպյանը:


© 2009 ARMENPRESS.am