Սիս գյուղի ճանապարհն առաջիկայում կասֆալտապատվի

11:56, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Սիս համայնքի ճանապարհը առաջիկայում կասֆալտապատվի: Այդ մասին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցին ի պատասխան նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետը նախարարից հետաքրքրվեց. «Պարոն Պապիկյան, համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեխաներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, խոստացավ ու գնաց, ոչինչ էլ չի արվում»

Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջիկայում գյուղում կիրականացվի ասֆալտապատում, նախագիծը կներկայացվի կառավարություն: «Գուցե ուղիղ գնումի միջոցով կանենք, որպեսզի արագ լինի գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նա նշեց, որ սկզբից պլանավորում էին Սիսում ասֆալտապատում իրականացնել նոր տեխնոլոգիայով, սակայն փորձաքննությունը դրական ցուցանիշներ չի ներկայացրել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կատակով նշեց, որ Սիսի երեխաների օրինակը կարող է տարածվել հանրապետությունում:

 


© 2009 ARMENPRESS.am