Այս տարվա գործողությունների ծրագրով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով

18:37, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից,
ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել ընդհանուր ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես երկկողմ ծրագրերի ներկա փուլը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարը քննարկելու համար: 

Փոխվարչապետը ներկայացրել է հյուրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակման ամփոփման ընթացքը և անդրադարձել է իր գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև արդարադատության ոլորտում Կառավարության ծրագրած բարեփոխումներին՝ համարելով դրանք առաջնային երկրի զարգացման տեսանկյունից: 

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է այցի ընդլայնված օրակարգը և նպատակը, ինչպես նաև տեղեկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ Եվրոպական միությունը 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով, որը, ընդհանուր առմամբ, կկազմի 65 մլն եվրո, ինչը գերազանցում է 2018թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը 29 մլն եվրոյի չափով: Ավելացված ռեսուրսները կուղղվեն Հայաստանին առանցքային ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, այդ թվում՝ ՀԸԳՀ իրավական մոտարկման շրջանակներում աջակցելությանը: 2019 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվելու են էներգաարդյունավետության, բնապահպանության ոլորտներում, աջակցելու են համայնքային զարգացմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ենթակառացվածքային ներդրումային ծրագրերին: 

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու և դրան մասնակից լինելու համար:
 


© 2009 ARMENPRESS.am