Բուսասանիտարական հսկիչ անցակետ, սպանդանոցների գործունեության տվյալների բազա. սննդամթերքի անվտանգության ոլորտում  բարեփոխումներ են իրականացվել

16:01, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում մի շարք բարեփոխումներ են իրականացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը` ամփոփելով վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները:

«2018 թվականի ընթացքում Եվրասիական տնտեսական միության համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկան համայնքի Այրում-Ջիլիզա երկաթգծային հատվածում կառուցվել է բուսասանիտարական հսկիչ անցակետ: Այն հնարավորություն է տալիս երկաթուղային ճանապարհով ներմուծված կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների հսկողությունն իրականացնել տեղում»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` արդյունքում ապրանքները կարող են նաև տեղում մաքսազերծվել, ինչը հեշտացնում և արագացնում է նշված ապրանքների ներմուծման գործընթացը:

Նոր կառուցված բուսասանիտարական հսկիչ անցակետը հարմարեցված է նաև ավտոտրանսպորտով ներմուծվող բեռների հսկողությունն իրականացնելու համար: Սա էլ իր հերթին կթեթևացնի Բագրատեշենի անցակետի գերծանրաբեռնվածությունը:

Բարելավվել է նաև «Մեկ պատուհան, մեկ կանգառ» համակարգի` ՍԱՏՄ գործունեությանը վերաբերող մոդելների տեխնիկական առաջադրանքը, որի արդյունքում համակարգը կարագացնի և կհեշտացնի ՀՀ արտաքին առևտրային գործունեությունը:

«Լամբրոն» էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ավելացվել է նոր` անասնաբուժական 5-րդ ձևի` էլեկտրոնային տարբերակով ստեղծման և տպման մոդուլ: Դրա շնորհիվ սպանդանոցների կողմից մորթի մասին տեղեկատվության մուտքագրումը և 5-րդ ձևի տպումն իրականացվում է արագ և հեշտ: Հնարավորություն է ընձեռվում ունենալ սպանդանոցների գործունեության տվյալների բազա` մորթված կենդանու տեսակը, քանակը, քաշը և այլն:

Մշակվել և հաստատվել է սննդամթերքի արտադրության և իրացման ոլորտում բիզնես սկսելու նախնական քայլերի ուղեցույց:


© 2009 ARMENPRESS.am