Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը

16:12, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում:

«Հայաստանում չպետք է լինեն այնպիսի երևույթներ, սկսած քաղաքական համակարգից, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, չի ստացվի, միևնույն է, ոչինչ չի փոխվի, և այլն: ՀՀ-ում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է: Սա այն ֆենոմենն է, որ իր հետևից բերում է աղքատություն, երկրում փախեփախի մթնոլորտն է ձևավորվում: Այս մտածողությունը փոխելը մեր գերագույն խնդիրն է, և սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ, որովհետև քաղաքական մակարդակում մենք կարողացել ենք սա անել, քաղաքական վարքագծի փոփոխությունը պետք է բերի տնտեսական փոփոխությունների: Աշխարհի բոլոր համալսարանները փնտրում են տաղանդներ, և Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար, որտեղ տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան: Ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք դրան»,- ասաց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am