Բաց դռների օր Ախուրիկի ուղեկալում` ի նշանավորումն Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատի կազմավորման 95 ամյակի
17:55, 18 Մայիս, 2019ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատն այս տարի նշում է իր կազմավորման 95-րդ ամյակը: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում ու իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ հանդիպումներ, զինվորական տեխնիկայի ցուցադրություն, «Կանաչ սահման» շաբաթօրյակների շարք և այլ միջոցառումներ: Մայիսի 18-ին տարվա շրջանակներում բաց դռների օր միջոցառում տեղի ունեցավ ջոկատի Ախուրիկի ուղեկալում:
Միջոցառման մասնակիցները նախ ծանոթացան զինտեխնիկային, սահմանապահի առօրյային, ապա ականատես եղան սահմանապահ շների հնարքներին, տեղի ունեցավ նաև մրցույթ դպրոցականների միջև, բոլոր ցանկացողները սովորեցին զենքը քանդել և հավաքել: Բայց օրվա ամենահետաքրքիր մասը ենթադրյալ սահմանախախտի հայտնաբերման, վնասազերծման ցուցադրական վարժանքն էր, որը կատարվեց իրականին հնարավորինս մոտ սցենարով. ահազանգից անմիջապես հետո հնչում է հրահանգը՝ հայտնաբերել, վնասազերծել և բռնել սահմանախախտին: Համակարգված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ րոպեներ անց սահմանախախտն արդեն հայտնաբերված և վնասազերծված էր: Թեև այս ամենը իրականություն չէր, այլ ցուցադրական վարժանք, սակայն սահմանի հսկողության, սահմանախախտի հայտնաբերման ու վնասազերծման ողջ ընթացքն իրականին շատ մոտ էր: Սահմանապահ ջոկատի զինծառայողների ցուցադրական վարժություններն ապացուցեցին, որ սահմանապահ ջոկատի մարտունակությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է։ Այսպես արդեն մոտ 95 տարի սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանի շուրջ 132 կիլոմետրանոց հատվածը։
Սահմանի հսկողությունն ավելի լավ կիրականացվի լավ սպառազինության դեպքում, իսկ սա այն ջոկատն է, որն, ինչպես վստահեցրեց ջոկատի հրամանատարությունը, միշտ ու պարբերաբար է նոր տեխնիկա ստանում ու վերազինվում՝ զրահամեքենաներ, ամենագնացներ, ձյունագնացներ, կապի ու սահմանի պահպանման հատուկ միջոցներ:
Ջոկատում ռուս զինծառայողների հետ հայեր են ծառայում. երկրի պետական սահմանը համատեղ ուժերով պահելը հայ և ռուս սահմանապահների գործն է: 1921 թվականից ի վեր գործող ջոկատը ոչ միայն հնագույններից է ՀՀ տարածքում, այլ նաև՝ ՌԴ սահմանապահ ջոկատների ցանկում: 2015 թվականից ջոկատի հսկողության տակ է գտնվում 10 ուղեկալ և 7 անցակետ: Հենց այդ ուղեկալներից մեկն է Ախուրիկի ուղեկալն է, որը Շիրակի մարզում ամենաբարդ տարածքներից մեկն է համարվում՝ իրականացնելով հայ-թուրքական սահմանի հսկողությունը: Այս ուղեկալը կազմավորվել է 1976 թվականին: Սահմանախախտման ամենավերջին դեպքը այս տարածքում արձանագրվել է 2015 թվականին:
Սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսեյ Դիուլինն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ բաց դռների օր միջոցառումը նպատակ ուներ հենց հարակից համայնքների բնակիչներին հնարավորություն տալու ազատ գալ ուղեկալ ու ծանոթանալ՝ ինչպես տեխնիկային, այնպես էլ սահմանապահի կյանքին:
Գյումրիում տեղակայված Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։ Սա այն ջոկատն է, որը տարիներ շարունակ կարողացել է ամուր պահել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանները՝ Շիրակի մարզի տարածքում: 1920-ականներին կազմավորված Ալեքսանդրապոլի սահմանապահ 2-րդ վաշտը, որը 1924 թվականի մայիսի 20-ին վերանվանվեց «Լենինականի սահմանապահ ջոկատ», երկար ճանապարհ է անցել: Այս ջոկատը լավագույններից է ոչ միայն հրամանատարական կազմի, այլև ավանդույթների և գործող համակարգի շնորհիվ, ինչը հաջողվել է պահպանել ԽՍՀՄ փլուզումից հետո:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am