Մարտեր՝ արվարձաններում, բողոքի ակցիա՝ քաղաքի կենտրոնում. Լիբիայում անկայունությունը շարունակվում է

15:32, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Եվրամիության՝ կրակը դադարեցնելու մասին կոչերին, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արվարձաններում մարտերը շարունակվում են Լիբիայի ազգային բանակի բարձրաստիճան պաշտոնյա Խալիֆ Խաֆթարայի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Euronews-ը տեղեկացնում է, որ դրան զուգահեռ քաղաքի կենտրոնում բողոքի ակցիաներ են, որոնք արդեն կանոնավոր են դարձել:

Արդեն մեկ ամսից ավելի է կանոնավոր կերպով կենտրոնական հրապարակում հավաքվում են մարդիկ, որոնց միավորում է մեկ կոչ «վերադարձրեք մեր երկիրը»: Նրանք գտնում են, որ հենց իրենք ունեն իրենց երկրի ապագան որոշելու իրավունք: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց տալ այդ հնարավորությունը: Նրանք վստահ են, որ Խալիֆ Խաֆթարան, ում ռազմանական հանցագործ են համարում, փորձում է բռնապետություն հաստատել:

Խաֆթարան Տրիպոլիում ռազմական գործողությունների մասին հայտարարել էր ապրիլի 4-ին: Նա այդ օպերացիան անվանում է «հակաահաբեկչական»: Նրա գործողություններին աջակցություն են հայտնել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան: Սպիտակ տան հայտարարության համաձայն հեռախոսազրույցում Թրամփը ընդունել է Խաֆթարայի դերակատարությունը:

Նշվում է, որ ապրիլի 4-ից ավելի քան 400 մարդ զոհվել է, 60 հազարը դարձել փախստական:


© 2009 ARMENPRESS.am