Տիգրան Գալստյանն ու Բելառուսի մշակույթի փոխնախարարը քննարկել են ոլորտում համագործակցության հարցեր

18:13, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունում մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի, ԲՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը հույս հայտնեց, որ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա մայիսի 16-19-ն անցկացվող Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը հաջող ընթացք կունենա, իսկ  մայիսի 17-ին կայանալիք բելառուսական արվեստի վարպետների գալա համերգը մեծ ուրախություն կպարգևի հայ հանդիսատեսին ու առաջիկա օրերի ընթացքում բազմաթիվ այցելուներ կմասնակցեն բելառուս ժողովրդի մշակութային ժառանգության յուրօրինակ բազմազանության և հարստության ցուցադրությանը նվիրված միջոցառումներին:

Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերություններն երկար տարիների պատմություն ունեն և մշակույթը փոխգործակցության առավել հաջող ոլորտներից մեկն է: Դրա մասին են վկայում վերջին տարիներին փոխադարձ կազմակերպված մշակույթի օրերը և լայնամասշտաբ ցուցադրությունները, մասնավորապես, Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանում 2017թ. Փարավոն Միրզոյանի «Հայկական ուրվապատկեր» և 2018 թ. «Հայկական գունապնակ» խորագրի ներքո ցուցահանդեսները, 2018 թ. Երևանում Յանկա Կուպալայի «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը:


© 2009 ARMENPRESS.am