«Վերադարձ» ծրագիրը Տավուշի մարզ կբերի շուրջ 5 հազար ընտանիքի

15:07, 17 Մայիս, 2019

ԵՆՈՔԱՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում կիրականացվի «Վերադարձ» ծրագիրը: Դրա շրջանակներում նախատեսվում է մինչև 2025թ. մարզ վերադարձնել շուրջ 5 հազար ընտանիքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: 
«Մեր նպատակն է մինչև 2025 թ. «Վերադարձ» ծրագրով առնվազն 5 հազար ընտանիք վերադարձնել Տավուշ: Այսօր արդեն աշխատում ենք կոնկրետ ընտանիքների հետ, ձևավորում ենք գործընկերության շրջանակը: Հիմնականում մեր խնդիրն է, որ վերադառնան սահմանամերձ բնակավայրեր»,-ասաց նա:
Մարզպետի կարծիքով՝ իրենց գործունեության հիմնական ցուցիչը ժողովրդագրական վիճակն է: Եթե նույնիսկ 1000 ձեռնարկություն բացվի մարզում, սակայն ժողովուրդը հեռանա, մարզպետը կհամարի, որ իրենք ձախողվել են: Առ այսօր այս առումով որևէ հաստատուն պետական ծրագիր չի եղել: Սակայն շուտով արդեն պաշտոնապես կհայտարարեն «Վերադարձ» ծրագրի մասին: 
«Մեր նպատակն է հայտնաբերել այն ընտանիքներին, որոնց վերադարձը հայրենիք հավանական է, և նրանց համար ստեղծել կենսաապահովման նվազագույն պայմաններ, այսինքն՝ բնակվելու, աշխատելու, ամսական արժանապատիվ եկամուտ ունենալու հնարավորություն»,-ասաց մարզպետն ու կարևորեց նաև հայերեն չխոսող երեխաների կրթության հարցը: 
Չոբանյանը վստահություն հայտնեց, որ եկող ուսումնական տարում արտերկրից, հատկապես Ռուսաստանից վերադարձած տասնյակ երեխաներ կհաճախեն դպրոց: 
Թեև ծրագրի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն այս պահին Տավուշ վերադարձած շուրջ 10 ընտանիք է հաշվառվել: Մարզպետարանն ունի ռազմավարական մոտեցումներ, գործընկերների շրջանակ և ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի շուտով: 

 


© 2009 ARMENPRESS.am