Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն օրվա երկրորդ կեսին կներկայանան Քոչարյանի գործով դատական նիստին

14:04, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն, ամենայն հավանականությամբ, դատարան կներկայանան ժամը 16:00-ի սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողերին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը: Մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին: Այդուհանդերձ, դատավորը Դավիթ Գրիգորյանը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Պաշտպանները հայտնեցին, որ իրենք կճշտեն՝ կկարողանա՞ն նախագահները ներկա լինել մայիսի 16-ի նիստին, թե ոչ: Արդեն հայտնի է Սահակյանի և Ղուկասյանի՝ գալու մտադրությունը:

Մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստից քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը:


© 2009 ARMENPRESS.am