Քաղաքագետը դանդաղեցման խնդիր չի տեսնում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացում

15:16, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին  համաձայնագրի վավերացման գործընթացում քաղաքագետ Գրետա Ավետիսյանը դանդաղեցման խնդիր չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գրետա Ավետիսյանը նման կարծիք հայտնեց մայիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Համաձայնագրով սահմանված բոլոր ժամկետները մենք պահպանում ենք: Արդեն ստեղծված են այն բոլոր վերահսկիչ մարմինները, որոնք պետք է վերահսկեն համաձայնագրի իրականացումը: Կա նաև ճանապարհային քարտեզը, որը մշակման փուլում է, վերջնական համաձայնեցման մեջ է գտնվում ԵՄ-ի հետ: Վավերացման գործընթացում դանդաղեցման խնդիր չունենք: Գործընթացն ընթանում է նախատեսվածի պես»,- ասաց Ավետիսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ կան բնական հանգամանքներ, որոնք խոչընդոտում են գործընթացի ավելի արագ իրականացմանը:

«Կան օբյեկտիվ պատճառներ, օրինակ` Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի են ունենալու մայիսի վերջին, որոնք չեն թողնում, որ այդ գործընթացն ավելի արագ տեղի ունենա: Այդ ընտրություններով պայմանավորված, այժմ Եվրոպայի ու Եվրոպական միության առաջնահերթություններն այլ են»,- նշեց քաղաքագետը:

Գրետա Ավանեսյանը հավելեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո բավական դինամիկ զարգացում են ապրում:

[gallery id= 62446]

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:


© 2009 ARMENPRESS.am