Ապօրինի շինարարության ծավալները նվազել են. Մեսչյան

13:05, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի շինարարության ծավալները պակասել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով՝ կան ապօրինի շինարարության դեպքեր, բայց առաջվա վիճակը չէ: «Վերջապես մարդիկ սկսեցին հասկանալ, որ բոլորը հետևում են և աչքի տակ են պահում հարցը»,-ասաց նա, հավաստիացնելով, որ բոլոր ապօրինի շինարարություն իրականացնողները ի վերջո դիտակետի տակ են ընկնելու և խնդիրներ են ունենալու:

«Մի արեք ապօրինի շինարարություն, էլ չեմ ասում հողազավթում, միևնույնն է ինքներդ ձեր ձեռքով քանդելու եք, դիմեք մեզ և մենք հնարավորության սահմաններում ձեզ շինթույլտվություն կտանք»,-հորդորեց Մեսչյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու է Երևանի 2800-ամյակին նվիրված այգուց տեղափոխվել ջուր վաճառող տղայի արձանը, գլխավոր ճարտարապետն ասաց, որ այն վերադարձել է իր նախկին տեղակայման վայրը՝ անգլիական այգի:

«Արձանը նախ տեղադրվել էր անգլիական այգում, հետագայում տեղափոխվեց Շահումյան հրապարակի եզրամաս, այգու շինարարության ժամանակ բարերարները խնդիր դրեցին, որ այդ արձանը տեղափոխվի իր նախկին տեղը: Այն տեղափոխվել է նորից անգլիական այգի»,-հավելեց նա:


© 2009 ARMENPRESS.am