Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի ամենամյա տնտեսական ֆորումին

11:24, 14 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը ֆորումի աշխատանքներին կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև ներդրումային ու առևտրային կապերի ամրապնդմանը:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ղազախստանի ղեկավարության, ինչպես նաև ֆորումին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: 


© 2009 ARMENPRESS.am