Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով. Արսեն Թորոսյան

12:33, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղը տարեկան 120 կնոջ կյանք է խլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը: 

Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով` ի հեճուկս ամենատարբեր քննադատությունների և մեղադրանքների: «Գարդասիլ 4-ի առաջին խմբաքանակը  մեր միջազգային գործընկերները մեզ նվիրել են, իսկ մոտակա տարիների համար նախատեսված պատվաստանյութը Հայաստանին պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է»,-հիշեցրեց նախարարը`հավաստիացնելով, որ պատվաստանյութն օգտակար է նաև ավելի բարձր տարիքի թե տղամարդկանց, թե կանանց համար:

«Ես ինքս ստացել եմ պատվաստանյութը և անցյալ տարի 1500 պատվաստման դեպք ենք ունեցել: Մենք հասնելու ենք այն համոզմանը, որ մեր մայրերը, աղջիկները հասկանան` իրենց պաշտպանելու և քաղցկեղը բուժելու համար այս պատվաստանյութը վճռական է»,-հավելեց նախարարը` կոչ անելով  օրակարգից հանել թեման, քանի որ չկա որևէ ապացուցված վտանգ այս պատվաստանյութից:

Գարդասիլը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պապիլոմավիրուսի կանխարգելմանն ուղղված երկու պատվաստանյութերից մեկն է։ Այն բավականաչափ անվտանգ է և իր բաղադրության մեջ չի պարունակում կենդանի վիրուսներ։ Գարդասիլը ընդունվում է միջմկանային ներարկման միջոցով։

 


© 2009 ARMENPRESS.am