Վարչապետը հաջողված համարեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը

17:44, 11 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողված և արդյունավետ համարեց «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովն ու դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Կարծում եմ՝ մեր այսօրվա քննարկումը ստացվեց։ Մեր այս մարզային համաժողովները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Շատ կարևոր է այս քննարկումը, որովհետև սա մտագրոհի ազդեցություն ունի, և մենք տեսանք, թե ինչ պոտենցիալ ու հետաքրքիր ծրագրեր կան այստեղ։ Իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ ու կենսունակ գաղափարները Հայաստանում օգտագործվեն, և դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան։ Ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացվում է։ Այսպիսի կենդանի շփումները շատ կարևոր են, և հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողները ավելի կոգևորվեն»,- ասաց Փաշինյանը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում էին 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

 


© 2009 ARMENPRESS.am