Վարչապետը շեշտում է հեծանվորդների համար երթևեկության ավելի լավ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը

20:36, 10 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ հեծանվորդների համար քաղաքում և հանրապետությունում երթևեկության ավելի լավ պայմաններ կստեղծվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում՝ կառավարությունից հեծանիվով կառավարական ամառանոցներ ուղևորվելու ճանապարհին:

«Այսօր մեր հեծանվային սեզոնը բացեցինք: Հեծանվորդների համար Երևանի երթևեկությունն այնքան էլ հարմար չէ, և այս փորձով հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք մեր հեծանվորդների համար քաղաքում և հանրապետությունում ավելի լավ պայմաններ ստեղծել: Հեծանվային կանոններն այնքան էլ պարզ չեն, բայց շատ կարևոր է, որ մեր քաղաքում հեծանիվներն ու առողջ ապրելակերպի հետևողները շատանան»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը բոլոր հեծանվորդներին խնդրեց վարելիս միշտ սաղավարտ կրել:

«Այսօր առավոտյան նույն սխալն էի թույլ տվել, ինչը որ նախորդ անգամ. մոռացել էի սաղավարտ դնել, ինչը շատ վատ էր: Ես բոլոր հեծանվորդներին խնդրում եմ՝ առանց սաղավարտի հեծանիվ չվարել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հեծանիվով կառավարությունից մինչև կառավարական ամառանոցներ 4 կիլոմետրանոց ճանապարհով երթևեկելը շատ հաճելի է, բայց անվտանգության աշխատակիցների աշխատանքն է բարդանում: Վարչապետը հույս հայտնեց, որ վերջիններս ըմբռնումով կմոտենան:

Մայիսի 10-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատնից կառավարություն էր ուղևորվել հեծանիվով, այնուհետև այնտեղից հեծանիվով ուղևորվել էր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք՝ մասնակցելու Երևանի 2800-ամյակի այգու բացման արարողությանը:


© 2009 ARMENPRESS.am