Պորտուգալիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը կարևոր քայլ է միջազգային ճանաչման ճանապարհին. Մխիթարյան

16:34, 6 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը Պորտուգալիայի Հանրապետության Ասամբլեայի  կողմից` 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության ընդունումը կարևոր հաղթանակ է համարում ՝ միջազգային ճանաչման ճանապարհին: Մխիթարյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Պորտուգալիայում երբևէ այս հարցը որևէ կուսակցության կողմից քննարկման առարկա չի եղել: Որևէ կուսակցություն այս հարցը չի ներգրավվել իր քարոզչական ծրագրում, խոստումներ չեն տրվել: Այս պատգամավորները որևէ քաղաքական շահ չեն ունեցել: Նրանք մարդկային դրդումներով քվեարկել են Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի`հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Հիմա, եթե մի փաստաթղթի տակ, որտեղ մի քանի անգամ նշվում է ցեղասպանություն բառը, ստորագրում է պատգամավորների բացարձակ մեծամասնությունը, ապա մենք կարող ենք հաստատել, որ պատգամավորները արձանագրել են Ցեղասպանության հաստատման փաստը՝ կարեկցանք հայտնելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասաց Մխիթարյանը:

Ապրիլի 26-ին պատգամավոր Ռուբինա Բերարդոյի` «Կարեկցանք հայտնելու քվեարկություն՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի» փաստաթուղթը Ասամբլեայի լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել է Պորտուգալիայի խորհրդարանի 3 ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունների 18 պատգամավորների շնորհիվ, որից հետո դրան կողմ են քվեարկել 200-ից ավելի խորհրդարանականներ:

«Քվեարկությունից մի քանի օր առաջ այս փաստաթուղթը ներկայացվել էր պատգամավորների ուշադրությանը, որը հետագայում ընդունվեց միայն 4 ձեռնպահով, ընդ որում՝ դրանցից երկուսը Պորտուգալիա-Թուրքիա պատգամավորական խմբի անդամներ էին, իսկ քվեարկությունից հետո պորտուգալացի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Նախապատրաստական աշխատանքները սկսել էինք մի քանի տարի առաջ, երբ հանդիպումներ ունեցանք 3 ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունների Պորտուգալիայի Ազգային Ասամբլեայում ներկայացված խմբակցությունների անդամների հետ: Այդ հանդիպումների ընթացքում ներկայացրել էինք մեզ հուզող հետևյալ հարցերը`Պորտուգալիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ստեղծման հնարավորությունը և իրենց վերաբերմունքը 1915թ. Հայոց ցեղասպանության հարցի հնարավոր քննարկումը Ասամբլեայում: Հանդիպումներից պարզ դարձավ, թե որ կուսակցությունն է ավելի շատ հակված արձագանքելու բարձրացված հարցերին, և այսպես շարունակեցինք մեր առաքելությունը` պատգամավորներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություններ պատմական փաստերի, արդեն իսկ գոյություն ունեցող որոշումների մասին»,- նշեց բարեկամական միության նախագահը:

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի կարծիքով` միջազգային իրավաբանները շուտով իրենց գնահատականները կտան` նշելով այս պատմական որոշման իրավաբանական ուժն ու հետևանքները:

««Կարեկցանք հայտնելու՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի» հայտարարության օգտին քվեարկել է պատգամավորների բացարձակ մեծամասնությունը և տեքստում մի քանի անգամ Հայոց ցեղասպանություն եզրույթը նշվում է։ Իրավաբանորեն մենք կարող ենք համարել, որ ստորագրողները համաձայնել են այդ փաստի հետ և մեզ համար սա պատմական և նախադեպը չունեցող իրադարձություն էր, քանի որ Հանրապետության Ասամբլեայի պատերից ներս առաջին անգամ էր նման հարց բարձրացվել։ Մենք արժևորում ենք Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը և երախտապարտ ենք Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար»,- ասաց Վահե Մխիթարյանը:

Նա նաև հայտնեց, որ Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության անմիջական ջանքերով հայտարարության նախաձեռնող պատգամավոր Ռուբինա Բերարդոն 2017թ. այցելել է Հայաստան, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և ծանոթացել Հայոց ցեղասպանության հարցին: Բերարդոն մեկնել է նաև Արցախ և տեղում ծանոթացել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Պորտուգալիա վերադառնալուց հետո Ադրբեջանը նրան ընդգրկել է իր «սև ցուցակ»: Սակայն պատգամավորն իր շրջագայության մասին պարզաբանումներ է տվել պորտուգալական ԶԼՄ-ներին, և հոդված գրել Հայոց ցեղասպանության մասին:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am