Եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբն սկսել է աշխատանքը
14:46, 3 Մայիս, 2019ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, անդրանիկ նիստը նախագահել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին:
«Մեծարգո վարչապետ, Հոգևոր հայրեր, հարգարժան պետական այրեր և ներկաներ,
ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում ձեզ: Մեր ուրախությունն ենք հայտնում Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորման նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստի գումարման առիթով:
Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի:
Մեր պատմությունը լավագույնս վկայում է, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ծիրում անուրանալի ներդրում է ունեցել հայկական պետության զորացման և ամրապնդման գործում, նաև պետության սատարումով արգասավորել է իր հոգևոր ծառայությունը մեր ժողովրդին: Եկեղեցու և պետության հարաբերությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և Սուրբ Տրդատ Գ թագավորի սերտ գործակցության շնորհիվ նվիրագործվել են Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետություն հռչակումով, որը եղել և մնում է մեր ժողովրդի փառքն ու պարծանքը: Պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին շարունակել է խնամել ու առաջնորդել մեր ժողովրդին՝ արթուն պահելով անկախ պետականության վերականգնման գիտակցությունը և ջանքեր ներդնելով հայոց պետության վերահաստատման համար:
Հայրենի պետականությունը անսասան պահելու և պետական շահերով առաջնորդվելու Հայոց Եկեղեցու դիրքորոշումը լավագույնս արտացոլված է Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հայտնի ձևակերպման մեջ, որը Հայոց Եկեղեցու ողջ պատմության ընթացքում առանցքային է եղել մեր հայրապետների ու եկեղեցականների գործունեության մեջ:
Մեր Եկեղեցու առաքելությունը վերափոխել է մեր ժողովրդի կյանքը հոգևոր, կրթական, գիտական և մշակութային նշանակալի ձեռքբերումներով: Եկեղեցու հոգեփրկչական առաքելության առանցքում հոգևոր-բարոյական արժեհամակարգով անձի կերտումն է, ազգի հավատավոր, հայրենասեր, օրինապահ զավակի կրթությունն ու դաստիարակումը, ինչը նաև պետության առաջնահերթությունն է քաղաքացու ձևավորման պատասխանատու գործում: Այս առումով մեծապես կարևոր է պետության և Եկեղեցու համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, մեր ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:
Փառք ենք տալիս Տիրոջը, որ անկախության անցնող տարիների ընթացքին նշանակալի քայլեր են կատարվել մեր պետության և Եկեղեցու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդուհանդերձ, առկա են լուծման կարոտ կարևոր հարցեր ու խնդիրներ: Մենք հույս ունենք, որ այս աշխատանքային խմբի շրջանակներում կգտնվեն արդյունավետ լուծումներ ազգային մեր կյանքում Եկեղեցու առաքելության անխոչընդոտ իրականացման համար: Քննարկումների ընթացքում, կարծում ենք, նկատի պիտի առնվեն ելակետային որոշ իրողություններ ու դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք ստորև.
© 2009 ARMENPRESS.am