Կառավարությունն արտոնություն տրամադրեց տեքստիլի ոլորտում իրականացվող 14 մլրդ դրամի ներդրումային ծրագրին

12:12, 2 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը բավարարեց «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել։

Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլ»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ընկերությունը ներմուծում է 14 մլրդ 127 մլն 414 հազար 670 դրամի ապրանք, հիմնականում՝ Թուրքիայից, նաև Չինաստանից ու Ուզբեկստանից։

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության ու արտահանման խթանման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է նախագծի հիմնավորման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am