Փաշինյանը ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկն է համարում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը

14:33, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանումը դեպի միության անդամ երկրներ աճել է 20%-ով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը 11%-ով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին իր ելույթում՝նշելով, որ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5%-ի։

«Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները ներդաշնակ են մեր միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես հետևանք, մենք ընկալում ենք անդամակցությունը Միությանը` որպես մեր կառավարության նպատակներին հասնելու գործիքներից մեկը և իբրև տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։ Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը:

Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկը գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումն է և ընդհանուր էլեկտրոէներգիայի շուկայի ձևավորումը։

«Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են  ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից մեկը` ԵԱՏՄ-ի թվային օրակարգի լիարժեք իրականացումը: Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Երևանում ապրիլի 30-ին աշխատանքն է սկսել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը նախ գումարվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված: Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am