ՀԱՊԿ-ի երկրների զինվորականները կմասնակցեն Հաղթանակի 75-ամյակին նվիրված մոսկովյան զորահանդեսին

12:35, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կենտրոնական Ասիայի իրադրությունը եւ պայմանավորվել են 2020 թվականին իրենց զինվորականներին ուղարկել Հաղթանակի մոսկովյան զորահանդեսին:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի՝ Բիշքեկում կայացած նիստից հետո հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Մենք քննարկեցինք բազմաթիվ կարեւոր հարցեր, այդ թվում՝ ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրադրությունը Կենտրոնական Ասիայում՝ Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների ու սպառնալիքների հաշվառմամբ»,-ասել Է նա:

Սեմերիկովի խոսքով՝ ընդհանուր առմամբ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է 11 փաստաթուղթ, այդ թվում՝ 2019 թվականի երկրորդ կիսամյակում-2020 թվականի առաջին կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ կազմակերպության երկրների ներկայացուցիչների կոնսուլտացիաների պլանի նախագիծը, ՄԱԿ-ի հակաահաբեկչական ռազմավարության իրագործման վերաբերյալ պաշտպանության նախարարների խորհրդի որոշման նախագիծը եւ ՀԱՊԿ-ի երկրների առաջիկա համատեղ զորավարժությունների անցկացման ժամկետների ու վայրերի մասին փաստաթուղթը, որոնք մոտ ժամանակներս տեղի են ունենալու Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տարածքում:

Հանդիպման ընթացքում նաեւ որոշում Է ընդունվել ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Բիշքեկում՝ այս տարվա նոյեմբերին եւ կազմակերպության երկրների զինվորական ստրաբաժանումներին մասնակից դարձնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, որը հաջորդ տարի անցկացվելու Է Ռուսաստանի մայրաքաղաքում: Բիշքեկում ընթացող հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարները:


© 2009 ARMENPRESS.am