«47» դիզայնը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տալիս են «1915» նախագծի մեկնարկը

12:29, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «47» դիզայնը  և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկնարկում են http://www.1915.life/  նախագիծը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալների հավաքածուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշամեդալներից յուրաքանչյուրը պատկերում է Մեծ եղեռնի առանձին դրվագներ ու խորհրդանիշեր՝ Կոմիտաս վարդապետից մինչև մեծ գաղթի ճանապարհ և Եղեռնի զոհերի սրբադասում: Արծաթե 7 հուշամեդալները վերնագրված են ՝ Պատերազմելով մշակույթի դեմ «Կոմիտաս», Պատժելով չարիքը « Սողոմոն Թեհլերյան» Կործանելով սրբավայրը «Վարագավանք», Փրկելով ծվենները «Գաղթ»,.Ճանաչելով ճշմարտություն «Պատմական Հայաստանի քարտեզ», Դեպի վեր խոնարհվելով «Հուշահամալիր»,Վերծանելով կրկին «Սրբադասվածներ»:

Ինչպես նշում է «1915» նախագծի համահեղինակ Արսեն Մելիքսեթյանը, հուշամեդալների ամբողջությունը պատմում է Հայոց ցեղասպանության պատմությունը՝ բնաջնջումից մինչև վերապրում: «Նախագծի ամբողջական կոնցեպտի մեջ կարմիր թելով անցնում է Արարատ լեռը՝ որպես հայության միասնության և փրկության խորհրդանիշ: Տուփի վրա պատկերված է մեր բիբլիական լեռը, և մեդալներից յուրաքանչյուրը կազմում է դրա մի մասնիկը՝ խորհրդանշելով այն, որ մեր պատմության ամեն դրվագը շաղկապված է Արարատի հետ»-, նշել է Արսեն Մելիքսեթյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ ստեղծագործական թիմը ստեղծել է նաև հուշամեդալներին կից գիրքը, որը վերականգնում է ողբերգական իրադարձությունների պատմական ժամանակագրությունը՝ փաստերի հիման վրա ներկայացնելով դեպքերի շղթան: Գիրքը թարգմանված է ռուսերեն և անգլերեն՝ օտարալեզու լսարանին ևս հակիրճ ներկայացնելու Հայոց ցեղասպանության պատմությունը: Գրքում ներկայացված են բացառիկ արխիվային  լուսանկարներ, թերթերից պատառիկներ, որոնք առաջին անգամ են տպագրվում: Գիրքը բացի բուն իրադարձությունների պատմական ակնարկից՝ ծավալուն անդրադարձ է կատարում արդարության վերականգնման գաղափարին՝ «Նեմեսիս»  գործողությանը: Գրքի բաժիններից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի ճարտարապետական կառույցին՝ ներկայացնելով կոթողի կառուցման պատմությունը, նախնական նախագծերը և Ծիծեռնակաբերդի սիմվոլիկան: Գիրքը, հայ ժողովրդի պատմությանը համահունչ, ավարտվում է վերածննդի գլխով, որը ներկայացնում է  Եղեռնը վերապրած ժողովրդի այն զավակներին, որոնք նշանակալի հետք են թողել պատմական և մշակութային ժառանգության մեջ՝ մինչև մեր օրեր: 


© 2009 ARMENPRESS.am