Հնդկաստանի Լանսերս միջազգային դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում

13:51, 29 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Գուրուգրամ քաղաքի Լանսերս միջազգային դպրոցը և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն ապրիլի 26-ին համատեղ կազմակերպել են Հայաստանին նվիրված միջոցառում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում Լանսերս միջազգային դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի յուրաքանչյուր ոլորտ՝   սկսած հայոց պատմությունից   մինչև հայ գրականություն,   երաժշտություն, պար,կրոն, սպորտ և մշակութային ու ազգային խորհրդանիշեր: Բեմը զարդարված է եղել հայտնի հայորդիների լուսանկարներով: Աշակերտներից մեկը հայերենով արտասանել է հայ մեծագույն գրող ուբանաստեղծ  Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև բանաստեղծի  կյանքից իրենց ընկերներին և ուսուցիչներին կենսագրական մանրամասներ հաղորդել: Ներկայացվել են նաև դրվագներ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի կյանքից:

Աշակերտների մյուս մասն էլ ներկայացրել է Հնդկաստանում հայկական համայքնի պատմական ներկայությանը վերաբերող փաստեր: Ծրագիրը զարդարել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի անդամ՝ Մելինե Մելիքյանի «Ուզունդարա»հայկական  ավանդական պարը, ինչի շնորհիվ հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելավանդական պարի գեղեցկությունը:

Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան պարոն Աչալ Մալհոթրան:

Որպես երախտիք ի նշան համագործակցության՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն դպրոցին է նվիրել հայկական եռագույնը՝ հույս հայտնելով, որ այն իր ուրույն տեղը կգտնի դպրոցում ծածանվող այլ պետությունների դրոշների շարքում: 


© 2009 ARMENPRESS.am