Արսեն Ջուլֆալակյանը կարծում է` ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կարող է մարզական տոնի վերածվել  

16:04, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավոր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով, Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությունը Երևանում անցկացնելը կվերածվի մարզական տոնի:

«Կապ չունի, թե Եվրոպայի որ տարիքային խմբի առաջնությունն ենք անցկացնում: Կարծում եմ, այն տոնի է վերածվելու: Ինքս էլ սիրով կայցելեմ խաղերը, եթե հայրենիքում լինեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով` համաշխարհային ֆուտբոլի աստղերի խաղը Երևանում տեսնելով՝ հայ պատանի ֆուտբոլիստները նոր ոգևորությամբ կսկսեն մարզվել` ձգտելով ավելիին:

Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկան ուժեղագույն հավաքականները: Աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն ապագայի լավագույն ֆուտբոլիստները: Նրանցից շատերն այսօր էլ խաղում են եվրոպական առաջնություններում: Եվրոպայի գործող և քառակի չեմպիոն Պորտուգալիային, բազմակի չեմպիոններ Իսպանիային, Ֆրանսիային, Իտալիային, ինչպես նաև Չեխիային (1 տիտղոս), Իռլանդիային (1 տիտղոս) ու Նորվեգիային կմիանա կազմակերպիչ Հայաստանի ընտրանին: Մեր երկրում նման կարգի մրցաշար երբևէ չի անցկացվել. Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոնի գավաթը կհանձնվի Երևանում:

Խաղերը կկայանան Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում և ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:


© 2009 ARMENPRESS.am