Հաշվենկատ, հավասարակշռված ու հիմնավորված քայլեր. Նիկոլ Փաշինյանը կողմ է տնտեսական ոլորտներում կանանց ակտիվությանն ու ներգրավվածությանը

12:54, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանում, առանց բացառության բոլոր ոլորտներում, պետք է խթանել կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովի ժամանակ:

«Մեր կառավարության համար սա առաջնահերթություններից մեկն է, և այս մասին բարձրաձայնել եմ որպես վարչապետի թեկնածու դեռևս 2018 թվականի մայիս ամսին, երբ ելույթ էի ունենում Ազգային ժողովում»,- նշեց վարչապետը և հավելեց, որ ՀՀ-ում շատ ոլորտներ՝ սկսած պետական կառավարման ոլորտից և ավարտած բիզնեսի կազմակերպմամբ ու սպասարկման մակարդակի բարձրացմամբ, կանացի խնամքի անհրաժեշտություն ունեն:

Անդրադառնալով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում կանանց դերը և նրանց ակտիվության մակարդակը նկատելիորեն բարձրացել են:

«Այդ հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց կանանց այդպիսի լայնամասշտաբ մասնակցության: Նրանց դերը տեղի ունեցած հեղափոխության մեջ, իսկապես, շրջադարձային էր: Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը կանայք են: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը կհասնի հաջողության, եթե մենք ի վիճակի չլինենք խթանել կանանց ձեռներեցությունը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ տնտեսական հեղափոխության գործում կանանց դերը կլինի նույնքան վճռական ու կարևոր և կոչ արեց ՀՀ բոլոր կանանց, որպեսզի նրանք անեն իրենց քայլը նաև տնտեսական հեղափոխության գործում:

«Համոզված եմ, որ կանայք ձեռներեցության մեջ ավելի արդյունավետ կարող են լինել և ունեն ավելի հաշվենկատ, հավասարակշռված ու հիմնավորված քայլերով առաջ գնալու ընդունակություն»,- նշեց վարչապետը և հույս հայտնեց, որ առաջիկայում ՀՀ-ում քաղաքականության, տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունը կավելանա:

FCEM միջազգային համաժողովին մասնակցում է 21 երկիր՝ Ավստրալիան, Բելգիան, Բահրեյնը, Բանգլադեշը, Չեխիան, Խորվաթիան, Եգիպտոսը, Վրաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Մավրիկիան, Մոնակոն, Պերուն, Շվեյցարիան, Սլովակիան, Թայվանը, Ֆրանսիաը, Հայաստանը:


© 2009 ARMENPRESS.am