Հռոմում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ

20:15, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստի կարգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Իր ելույթում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նշեց, որ ավելի քան մեկ դար է անցել այն սարսափելի օրերից, երբ փորձ արվեց հայերին զրկել ոչ միայն ներկայից ու ապագայից, այլև անցյալից։ Սակայն մոխիրներից վերածնված հայ ժողովուրդը, ծիլեր տալով աշխարհի տարբեր անկյուններում, շարունակում է այսօր էլ ապրել ու արարել, պահպանել իր հավատը, լեզուն ու մշակույթը։

Դեսպան Բաղդասարյանն անդրադարձավ նաև ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման կարևորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am